Ճըռռ՜՜․․․ ճըռռ՜՜․․․ ճըռռ՜՜․․․Հանդի կամ դաշտի ծղրիդն է՝ իր անթիվ ու անհամար ընկերներով։ Նրա մելամաղձոտ ճռռոցը ամառվան երեկոները միալար հնչում է գյուղական խաղաղ տան անկյունից։ Դուրեկան թախիծ է բերում մարդու հոգուն։ Սա տան ծղրիդն է։ Ապրում է տաք անկյուններում, սովորաբար բուխարու կողքին կամ վառարանի ետևը, մի որևէ փոքրիկ ճեղքում։ Գիշերները իր թաքստոցից դուրս է գալիս, հացի, պանրի և ուրիշ ուտելիքի փշրանքներ է որոնում, դրանով ապրում ողջ տարին։ Բախտ է այսպիսի երգիչ ունենալ տանը։ Հին հույները ծղրիդներին դնում էին փոքրիկ վանդակները ու կախում լուսամուտների շրջանակներին, որ երգեն։ Օրական մի թերթ սալաթ ստանալով, գերության հետ հաշտվում են ծղրիդներն ու երգում։ Մի մեծ միջատագետ, որ և մեծ բանաստեղծ է միաժամանակ, ասում է՝ ես ծղրիդին հաճույքով կդնեի գարնան վերածնության երգիչների գլուխը։ Միջատ սոխակը քիչ է մնում խլի թռչուն սոխակի փառքը։ Հենց սա է գործիքը, որ թևին քսելով ձեն է հանում ու նվագում ծղրիդը։ Սրա հետ միասին, եթե նվագելիս թևերը բարձրացնում է, ձենը ազատ ու լիահնչյուն տարածվում է, իսկ եթե թևերն իջեցնում է, կպցնում է մարմնին, թևի ձենը խլանում է, ինչպես եթե մատդ սեղմես զրնգող ամանին, ձենը խլանա։ Նրան գտնելու համար պիտի գտնեք նրա բունը։ Գրեթե միշտ իր բնումն է կամ բնի առաջը ու չի հեռանում։ Բնից դուրս հանած նրա սև գլուխը․ դեսուդեն է շարժում երկար շոշափուկները, որ մենք բեղեր ենք ասում։ Հայտնի միջատագետների ասելով, ծղրիդի տունը թե մաքրության, թե գեղեցկության և թե առողջապահության կողմից ավելի լավն է ու հարմար, քան մարդկանցից շատ-շատերի տները։ Տեղն ընտրում է մի կանաչ տեղ՝ արևոտ, դիրքը գեղեցիկ։ Բնի մուտքի վրա սովորաբար կախված է լինում մի փունջ խոտ կամ ծաղիկ, որ դուռը ծածկի չար աչքերից, համ հովանի լինի շոգի դեմ։ Մուտքի առաջ փոքրիկ ավլած բակը։ Ինչպես մուտքը, այնպես էլ ներսը՝ սենյակը, պարզ, մաքուր ու չոր։ Իսկ ներսի սենյակի պատերը կոկ ու հղկած, դեռ սենյակում էլ պահարան։ Ու միշտ էլ, քանի կենդանի է ու ապրում է իր բնում, աշխատում է ավելի ու ավելի գեղեցկացնի, կատարելագործի։ Եվ իր ցեղակից ուղղաթևների մեջ մենակ ինքն է, որ այսպես բուն է շինում իր համար։ Բակ, նախասենյակ, սենյակ, պահարան։ Ինքը հիանալի նվագում է, տուն է շինում․ ինչո՞վ է մարդուց պակաս։ Ինչպես բոլոր արտիստ մարդիկ, ծղրիդն էլ ատում է ամբոխը և սիրում է մենակությունը։ Մենակ ապրում է իր գեղեցիկ տանը և շատ ծույլ է, ինչպես առհասարակ երգիչները։ Մայիսը գալիս է թե չէ՝ տուն ու տեղը սարքում է թե չէ, սկսում է երգել։ Եվ միշտ իր շեմքում։ Իրիկնապահերին դուրս է գալիս վերջալույսի դիմաց կամ խաղաղ լուսնյակ գիշերները լուսնի լուսի տակ, իր մաքուր շեմքում նվագում կամ, ինչպես ընդունված է ասել, երգում – ճը՜ռռ․․․ ճը՜ռռ․․․Սկզբում երգում է իրեն համար, փառաբանում է գարնան գիշերների գեղեցկությունը, նոր կյանքի քաղցրությունը։ Մի քիչ հետո սկսում է սեր երգել ու քնքշալով կանչել իր գրկից հարևանուհուն։ Գալիս է, գգվում են իրար, սիրում են իրար, ապրում միասին են իրենց կյանքը։ Բայց շատ կարճատև ու դժբախտ է լինում նրանց բարեկամությունը։ Մի տասը տեսակցությունից հետո հաճախ մեռնում է երգիչը։ Պատահում է, որ իր նախկին ընկերուհին է վրան հարձակվում, ծեծում, ծվատում, ուտում, դեն շպրտելով անբախտ երգչի ջութակը։ Եթե կերպարանափոխության շրջանում պատահում է, որ ծղրիդը կորցնի իր մարմնի որևէ մասը, նորից պոկված անդամը դուրս է գալի, ինչպես բույսի կտրած ճյուղը դուրս գա։ Տան ծղրիդը իր ապահով տեղը սովորաբար երկար է ապրում։ Թշնամիներ շատ ունի: Հասնում են աշնան ցրտերը։ Հոկտեմբերյան մի ցուրտ օր էլ, վերջին անգամ իր շեմքի առաջ, աշնան սառը վերջալուսի դեմ, երգում է ծղրիդն իր վերջին երգն ու քնում հավերժ քնով։
Բայց ով գիտի, մի՞թե չի կարող պատահել, որ բացի բնազդից ուրիշ ընդունակություն էլ ունենա մեր փոքրիկ երգիչը, օրինակ՝ գիտակցություն, դատողություն։ Հեշտ կարող է պատահել, որ էդպես լինի, թեև ինքը՝ բնազդն, արդեն շատ մեծ բան է և շատ կենդանիների մեջ ավելի է զարգացած, քան թե մարդու մեջ։ Ծղրիդը գիտի հոգ տանել իր ապագա սերունդի համար, ապահովում է նրա ծնունդն ու ապրուստը, և նոր գարունքին հայտնվում են նրա ձագերը։ Նորելուկ ձագերը ձվից դուրս գալուց հետո իրենց կաշին ու կերպարանքը փոխում ենև դառնում կատարյալ ծղրիդներ։ Անմիջապես իրենց բնակարանի հոգսն են քաշում, իրար հետ կռվում են ծնողական օջախին տիրելու համար, մեկը կռվում մեռնում է, մեկը տիրում է, մյուսները գնում են, իրենց աշխատանքով նոր բնակարան են շինում, և դարձյալ նույն կապույտ, ժպտուն երկնքի տակ, նոր ծաղկոտ դաշտերի մեջ, խնդալով շարունակվում է նույն կյանքն ու նույն երգը՝ ճը՜՜ռռ․․․ ճը՜՜ռռ․․․
Կարծես թե ոչինչ չի փոխվել։