Հյոլդեռլինի միակ վեպի՝ «Հիպերիոնի» հերոսը հույն պատանի է, իր ժողովրդի անկախության համար մղվող պայքարի մասնակից: Փիլիսոփայություն է սովորում Ադամաս փիլիսոփայի դպրոցում, այնպես որ նրա հոգում սերմանվում է ճշմարտության և գեղեցիկի զգացումը: Նա համոզված է, որ օտար նվաճողների դեմ հաղթանակից հետո իր հայրենի երկրում կստեղծվեն իդեալական կարգեր: Սակայն նրա գլխավորած ապստամբները զբաղվում են կողոպուտով և ավազակությամբ: Հիասթափվելով իր երազանքներից, նա մահ է փնտրում: Սիրած աղջկա՝ Դիոտիմայի (նախատիպը Պլատոնի«Խնջույքի» հերոսուհին է) կործանումը էլ ավելի է խորացնում պատանու հիասթափությունը: Ի վերջո նրան վիճակվում է բնության հայեցողության մեջ խորասուզված ճգնավորի կյանքը:
Հյոլդեռլինի հերոսին հատուկ է կյանքի բարենորոգմանն ուղղված գործունեության ծարավը: Բայց դարն ավելի զորեղ է, քան Հիպերիոնը: Նա տխուր արձանագրում է, որ ավելի լավ է ապրել մոլորակի, քան թե երկրի վրա: Վեպի շարադրանքի կենտրոնը ներքին կյանքի դիպվածներն են: Հիպորիոնն ընդունակ է բարձրագույն բերկրանքի և անսահման տառապանքի: Քնարական մղումների լայնահուն ընդգրկումը սնվում է հեղինակի անտիկական իդեալների փորձից: Սակայն Հիպորիոնի վեհ մտադրությունը չի կարող իրականանալ, ինչպես և չիրականացան հեղափոխության ցնցումներից ազդված դարի լավագույն մարդկանց հույսերը:
Իր անուրջներում Հիպերիոնը դիմում է անտիկ աշխարհին, որը նրան երևում է որպես մարդկային ազատության և մարդու ու բնության միասնականության ժամանակաշրջան: Այժմեականությունը «անսփոփելի լացի պահ է», բայց հերոսը համոզված է, որ կհասնի ժամը, երբ բնությունը նորից կհիշի իր վաղեմի իշխանության մասին: Սակայն ապագայի հետ կապված հույսերը զուգորդվում են ներկայի մերժման, աշխարհում մարդու միայնության, տառապանքին դատապարտված լինելու զգացմունքի հետ: