Վոլֆրամ ֆոն Էշենբախ. «Պարցիֆալ» (XIII դար համառոտ)

Wolfram von Eschenbach-PartsifalԱնժույցի արքան մեռնում է կռվի դաշտում: Գահն անցնում է նրա որդուն: Բայց սա առաջարկում է իր կրտսեր եղբորը՝ Գամուրետին, բաժանել երկիրը և տնօրինել երկուսով: Գամուրետը հրաժարվում է և մեկնում է հեռու երկրներ փառք որոնելու: Հասնում է Բաղդադ և Բարուկ տիրակալին առաջարկում է իր ծառայությունները: Կռիվներ է մղում նրա համար: Արկածները հասցնում են նրան մավրերի երկիր: Այստեղ նրա օգնությունն է խնդրում գեղեցիկ թխամաշկ Բելականան: Կռվում է մավրերի կողմում, հաղթում է նրանց թշնամիներին և ամուսնանում Բելանանայի հետ՝ դառնալով մավրերի թագավոր: Սակայն շուտով թողնում է կնոջը և մեկնում նոր արկածների ետևից: Բելանանան որդի է ունենում, որին կոչում է Ֆեյրեֆից: Սա կիսով սպիտակ է, կիսով՝ սև: Իսպանիայում Գամուրետը ամուսնանում է Իսպանիայի թագուհու հետ, պայմանով, որ սա չի խանգարի իրեն բավարարել արկածների ծարավը: Մեկնում է արշավանքի, որից չի վերադառնում:

Թագուհին ծնում է նրա որդուն՝ Պարցիֆալին: Թաքցնում է հոր մասին ամեն բան, որպեսզի որդին չվարակվի հոր արկածախնդրությամբ: Սակայն կոմս Ուլտերեկը պատմում է նրան Արթուր թագավորի մասին, ասպետների, սխրագործությունների մասին: Մայրը չի կարողանում զսպել Պարցիֆալին մնալ տանը: Միայն խնդրում է մատանի վերցնել այն աղջկանից, որն իրեն դուր կգա և լինել բարի: Նաև հիշել, որ իրենց թշնամին է չարագործ Լեյլինը: Երբ Պարցիֆալը հեռանում է, մայրը մեռնում է վշտից:      

Անտառում հանդիպում է քնած աղջկա, որին համբուրում է և որի ձեռքից հանում է մատանին: Հանդիպում է նաև իր ազգականուհուն, որը պատմում է նրան իր հոր՝ Գամուրետի մասին: Հանդիպում է նաև ասպետ Կարմիր Իտերին, որը պատմում է, որ Արթուր թագավորը խլել է իրենից իր հողերը, իսկ նա վերցրել է թագավորի ոսկե գավաթը և կվերադարձնի, եթե թագավորը թույլ տա իրեն կռվել իր շքախմբի որևէ ասպետի հետ և ետ տա իր հողերը: Պարցիֆալը խոստանում է հաղորդել թագավորին ասպետի խնդրանքը:

Արթուրի արքունիքում Պարցիֆալը պատմում է Կարմիր Իտերի խնդրանքը: Պարցիֆալին ուղարկում են մենամարտի, որպեսզի ազատվեն համառ երիտասարդից, սակայն նա հրաշքով հաղթում է: Հետո Պարցիֆալը հասնում է մի քաղաք, որտեղ թագավորում է իշխան Գուրնեմանցը: Սա սովորեցնում է Պարցիֆալին ասպետական վարք ու բարքի կանոնները: Պարցիֆալը հաղթում է նրա թշնամիներին և ամուսնանում է իշխանի ազգականուհու՝ թագուհի Կոնդվինամուրի հետ: Շուտով, սակայն նորից ճանապարհ է ընկնում: Հայտնվելով անտառում, հանդիպում է Անֆորտասի հետ և օթևանում է նրա դղյակում: Անֆորտասի տեսքից երևում է, որ նա հիվանդ է: Դղյակում սկսում են տարօրինակ բաներ կատարվել: Ներս է գալիս թագուհին, որը բերում է Գրաալի կախարդական քարը, որը լույս է շողարձակում: Սեղանին հայտնվում են համեղ կերակուրներ: Առավոտյան ամեն բան չքանում է, իսկ դղյակը՝ դատարկվում: Պարցիֆալը նորից ճանապարհ է ընկնում:

Անտառում հանդիպում է իր ազգականուհուն՝ Սիգունին: Իմանալով Պարցիֆալի հետ կատարվածը աղջիկը սկսում է անեծք տեղալ: Պարցիֆալը պիտի հարցներ տեսածի մասին. դա կբուժեր Անֆորտասին: Պարցիֆալը շարունակում է ճանապարհորդությունը և հանդիպում է աղջկան, որի ձեռքից հանել էր մատանին: Ամուսինը մատանին կորցնելուց հետո պատժել էր նրան և ցնցոտիներով դուրս վռնդել տանից: Պարցիֆալը վերադարձնում է մատանին և փրկում է աղջկա պատիվը:

Այդ ընթացքում Արթուր թագավորը փնտրում է Պարցիֆալին, որպեսզի դասի նրան Կլոր սեղանի ասպետների թվին: Պարցիֆալը, սակայն, պիտի քավի Անֆորտասին չբուժելու իր մեղքը: Նա լինում է Մունսալվեշ ամրոցում, որտեղ բնակվում է Անֆորտասի թշնամին՝ չարագործ Կլինգսորը: Այստեղ վանականներից մեկը պատմում է նրան, որ Անֆորտասը, տիրելով Գրաալի քարին, մի անգամ մենամարտի ժամանակ վիրավորվել է և նրա վերքը դարձել է անբուժելի: Սակայն քարի վրա հայտնվել է գրություն, ըստ որի նա կապաքինվի, եթե մի ասպետ հետաքրքրվի նրա հիվանդության պատճառներով:

Պարցիֆալը իր ընկերոջ՝ Գավանի անվան տակ կռվում է Գրամոֆլանցի հետ և հաղթում է նրան: Օտար երկրում նա կռվում է մավրերի առաջնորդ Ֆեյրեֆիցի հետ, չիմանալով, որ դա իր եղբայրն է: Հաղթող չկա, քանի որ ուժերը հավասար են: Իմանալով, որ նրանք եղբայրներ են, փարվում են իրար: Գնում են Արթուր թագավորի մոտ: Այստեղ կախարդուհին, ասում է, որ Պարցիֆալը քավել է մեղքը: Գրաալի քարի վրա հայտնվում է նրա անունը: Այսուհետ նա է քարի տերը: Պարցիֆալը և Ֆեյրեֆիցը գալիս են Մունսալվեշ և Պարցիֆալը վերջապես հարցնում է Անֆորտասին իր հիվանդության պատճառների մասին: Անֆորտասը ապաքինվում է: Պարցիֆալի մոտ են գալիս իր կինը և երկու որդիները: Ֆեյրեֆիցն ամուսնանում է Անֆորտասի քրոջ հետ: Պալատում բոլորը նշում են իրենց ազատումը չարիքներից ու փորձություններից:      

tarntercum