1815 թ. Դին քաղաքի եպիսկոպոս է Շառլ Ֆրանսուա Միրիելը: Այդ արտասովոր մարդը երիտասարդ տարիքում ունեցել է սիրային բազում արկածներ և վարել է բարձրաշխարհիկ կյանք, սակայն հեղափոխությունը փոխել է նրան: Նա մեկնում է Իտալիա, որտեղից վերադառնում է հոգևորական դարձած: Իր հովվական գործունեությունը սկսում է նրանից, որ տեղի հիվանդանոցին է զիջում եպիսկոպոսական հրաշալի պալատը: Իր աշխատավարձը բաժանում է աղքատներին: Ունի բժկելու և թողություն տալու շնորհ:
1815 թ. հոկտեմբերին Դին է գալիս միջին տարիքի, ամուր կազմվածքով տղամարդ: Նրա չքավորի հագուստը և մռայլ նայվածքը վանող են: Նախ այցելում է քաղաքապետարան, հետո գիշերային օթևան է փնտրում: Նրան ոչ մի տեղ չեն ընդունում: Նրա անունն է Ժան Վալժան: Նա կալանավայրում է եղել 19 տարի այն բանի համար, որ հաց է գողացել իր այրի քրոջ յոթ քաղցած երեխաների համար: Չարանալով, հիմա նա վերածվել է գազանի, որի «դեղին անձնագիրը» թույլ չի տալիս նրան աշխատանք գտնել: Գալիս է եպիսկոպոսի մոտ: Լսելով նրա մռայլ խոստովանությունը՝ պրն. Միրիելը կարգադրում է կերակրել նրան: Գիշերվա կեսին Ժան Վալժանն արթնանում է: Նրան հանգիստ չի տալիս տան արծաթե սպասքը՝ եպիսկոպոսի միակ հարստությունը: Գողանում է մոմակալը և ուզում է անգամ կոտրել դրանով քնած եպիսկոպոսի գլուխը, սակայն անհասկանալի մի ուժ զսպում է նրան:
Առավոտյան ժանդարմները բերում են կալանավորին եպիսկոպոսի մոտ: Նրա ձեռքին գտել են ակնհայտաբար գողացված արծաթե սպասք: Եպիսկոպոսը կարող է ուղարկել Վալժանին ցմահ տաժանավայր, սակայն դրա փոխարեն բերում է ննջասենյակից երկու մոմակալ, որոնք հյուրը իբրև թե մոռացել էր վերցնել: Բաժանվելով Վալժանից եպիսկոպոսը խորհուրդ է տալիս օգտագործել նվերը ի շահ մարդ դառնալու բարձր կոչման: Ցնցված կալանավորը լքում է քաղաքը: Նրա կոպիտ հոգում սկսվում է բարդ վերափոխություն: Սովորության համաձայն ճանապարհին մի տղայից 40 սու է խլում: Միայն երբ տղան լացելով հեռանում է, նա հասկանում է իր արարքի իմաստը, նստում է գետնին և դառը արտասվում է՝ 19 տարվա ընթացքում առաջին անգամ:
1818 թ.: Մոնրեյլ փոքրիկ քաղաքը բարգավաճում է և պարտական է դրանով մի մարդու: 3 տարի առաջ նա բնակություն է հաստատել քաղաքում և կատարելագործել սև սաթի մշակման տեղի արդյունաբերությունը: Պրն. Մադլենը ոչ միայն ինքն է հարստանում, այլև օգնում է բարելավել իրենց գործերը ուրիշներին և հաղթահարել գործազրկությունը: Համեստ մարդ է. նրան չեն ձգում ո´չ պատգամավորի աթոռը, ո´չ էլ Պատվո լեգիոնի շքանշանը: 1820 թ. նա ստիպված է քաղաքապետ դառնալ: Վայելում է բոլորի հարգանքը և միայն ոստիկանության գործակալ Ժավերն է նայում նրան կասկածանքով: Ժավերը ունի երկու կիրք՝ հարգանք իշխանության նկատմամբ և ատելություն ապստամբության նկատմամբ: Կյանքի իմաստն է հետախուզումը:
Մի օր Ժավերը հայտնում է քաղաքապետին, որ պիտի մեկնի Արրաս, որտեղ դատելու են նախկին կալանավոր Ժան Վալժանին, ով ազատվելուց հետո թալանել է մի տղայի: Ժավերն անգամ խոստովանում է, որ կարծում էր, թե Վալժանը թաքնվում է պրն. Մադլենի դիմակի տակ: Քաղաքապետը տրվում է ծանր խոհերի և մեկնում է քաղաքից:
Արրասում դատի ժամանակ մեղադրյալը հրաժարվում է խոստովանել, որ ինքը Վալժանն է: Երբ դատավորը պատրաստվում է վճիռ կայացնել, բարձրանում է մի մարդ և ասում, որ ինքն է Ժան Վալժանը: Արագ տարածվում է լուրը, որ քաղաքապետը փախստական կալանավորն է: Ժավերը ցնծում է: Դատարանը որոշում է ցմահ կալանավայր ուղարկել Վալժանին: Հայտնվելով «Օրիոն» նավի վրա՝ Վալժանը նետում է իրեն ծովը: Թեթերում գրում են, թե կալանավորը ինքնասպանություն է գործել: Սակայն մի որոշ ժամանակ անց նա հայտնվում է Մոնֆերմոյլ քաղաքում: Այստեղ է եկել իր վաղեմի մեղքը քավելու: Քաղաքապետ եղած ժամանակ նա դաժան է վարվել մի կնոջ հետ, որն ուներ ապօրինի երեխա: Այդ կինը մահամերձ է և մահից առաջ խնդրում է Վալժանին հոգ տանել իր դստեր Կոզետի մասին, որին հանձնել է պանդոկապան Տենարդյոյին: Տենարդյո ամուսինները խորամանկության և չարության մարմնացում են: Յուրաքանչյուրն իր ձևով էր տանջում փոքրիկ աղջկան: Գնելով Կոզետին՝ Վալժանը բնակվում է Փարիզի խուլ մի անկյունում: Սովորեցնում է աղջկան գրել-կարդալ: Ապրում են Վալժանի կուտակած դրամով: Սակայն ինսպեկտոր Ժավերը այստեղ էլ հանգիստ չի թողնում Վալժանին: Գիշերային հետապնդումից փախչելով՝ Վալժանը փրկվում է կանանց մենաստանում: Կոզետին վերցնում են մենաստան, իսկ նրա հայրացուն դառնում է մենաստանի այգեպանի օգնականը:
Հարգարժան բուրժուա պրն. Ժիլնորմանը ապրում է իր թոռան՝ Մարիուս Պոնմերսիի հետ: Մարիուսի մայրը մահացել է, իսկ հորը նա երբեք չի տեսել: Մարիուսը Նապոլեոնի սիրահար է և ատում է պապուն, քանի որ սա ռոյալիստ է: Պատանի Մարիուսը, վիճելով պապու հետ, հեռանում է տանից և ապրում է գրեթե չքավորության մեջ: Լյուքսեմբուրգյան այգում ամենօրյա զբոսանքների ընթացքում նա նկատում է բարեկիրթ մի ծերուկի, որին ուղեկցում է տասնհինգամյա մի աղջիկ, որին Մարիսուսը սիրահարվում է: Ծերունին նկատում է, որ իրեն դստեր հետ հետևում են, փոխում է բնակարանը և դադարում է երևալ այգում: Դժբախտ երիտասարդին թվում է, թե նա կորցրեց իր սիրեցյալին: Բայց մի օր նա ծանոթ ձայն է լսում իր տան պատի մյուս կողմից: Ճեղքի միջով նա տեսնում է Լյուքսենբուրգի այգու ծերունուն, որը խոստանում է երեկոյան գումար բերել տանտեր Ժոնդրետին: Ըստ ամենայնի Ժոնդրետը ինչ-որ կերպ շանտաժի է ենթարկում ծերունուն: Մարիուսը նաև լսում է, թե ինչպես է Ժոնդրետը պայմանավորվում «Աքաղաղի ժամ» կոչվող ավազակախմբի անդամների հետ ծերունուն կողոպտելու մասին: Մարիուսը ամեն բան հայտնում է ոստիկաններին: Ինսպեկտոր Ժավերը շնորհակալություն է հայտնում նրան և անգամ ատրճանակ է տալիս: Պատանու աչքի առաջ ծավալվում են սարսափելի իրադարձություններ: Տենարդյոն, որը թաքնվում էր Ժոնդրետ անվան տակ, հետևել և գտել է Ժան Վալժանին: Մարիուսն ուզում է միջամտել, սակայն ներս են խուժում ժանդարմները և Ժավերը: Մինչև որ Ժավերը պարզում է ավազակների ով լինելը, Վալժանը օգտվելով առիթից, դուրս է թռչում պատուհանից և Ժավերը հասկանում է, որ նրանից փախավ իր վաղեմի որսը:
1832 թ.: Փարիզում հեղափոխական խմորումներ են: Մարիուսի ընկերները անվերջ խոսում են նոր գաղափարներից: Սակայն տղան տարված է Լյուքսեմբուրգյան գեղեցկուհու որոնումներով: Բախտը ժպտում է նրան: Տենարդյոյի դստրերից մեկի օգնությամբ նա գտնում է Կոզետին և սեր է խոստովանում: Կոզետը նույնպես վաղուց սիրում է Մարիուսին: Վալժանը այս մասին ոչինչ չի իմանում: Նրան անհանգստացնում է այն, որ նրանց թաղամասին է հետևում Տենարդյոն:
Հունիսի 4-ին սկսվում է ապստամբությունը: Մարիուսը չի կարող թողնել իր ընկերներին: Անհանգստացող Կոզետը ուզում է նրան նամակ ուղարկել: Վալժանի աչքերը բացվում են: Նրա դուստրը հասունացել և սիրահարվել է: Հուսահատությունը և խանդը տանջում են ծեր կալանավորին: Նա գնում է բարիկադներ, ուր գտնվում են Մարիուսը և ընկերները: Նրանց ձեռքն է ընկնում Ժավերը և Վալժանը դեմ առ դեմ հանդիպում է իր թշնամու հետ: Նա գերադասում է ազատ արձակել Ժավերին:
Իշխանական զորքը գրոհում է բարիկադները: Բարիկադների պաշտպանները մեկը մյուսի հետևից զոհվում են. նրանց թվում է նաև փոքրիկ Գավրոշը: Մարիուսը վիրավոր է և մնում է Վալժանի տրմադրության տակ: Կալանավորը իր ուսերի վրա դուրս է բերում տղային ստորգետնյա անցուղիներով: Երբ դուրս է գալիս, բախվում է Ժավերին: Վերջինս թույլ է տալիս Վալժանին տուն տանել Մարիուսին և հրաժեշտ տալ Կոզետին: Դա նման չէ խստաբարո Ժավերին: Իրականում նա ազատ է արձակել Վալժանին: Ժավերի կյանում տեղի է ունենում ամենաողբերգական պահը: Նա ազատ է արձակել հանցագործին: Նետում է իրեն Սենը և ինքնասպան է լինում:
Մարիուսը երկար ժամանակ կյանքի և մահվան սահամանին է: Երիտասարդությունը հաղթում է: Նա հանդիպում է Կոզետի հետ, և նրանց սերը ծաղկում է: Վալժանը և Ժիլնորմանը օրհնում են նրանց: 1833 թ. փետրվարին նրանք ամուսնանում են: Վալժանը պատմում է Մարիուսին իր կյանքի պատմությունը: Երիտասարդ Պոնմերսին սարսափում է: Ոչինչ չպիտի մթագնի Կոզետի երջանկությունը, ահա ինչու հանցագործը պիտի անհետանա, չէ՞ որ նա իսկական հայրը չէ: Կոզետը աստիճանաբար սովորում է իր հայրացուի հետզհետե ավելի հազվադեպ դարձող այցերին: Ծերունին դադարում է այցելել նրանց, և աղջիկը մոռանում է նրան: Իսկ Վալժանը սկսում է դանդաղ հանգչել: Բժիշկն ասում է, որ նա կորցրել է իր կյանքի ամենաթանկ էակին: Մարիուսը կարծում է, որ կալանավորը արժանի է այդ բախտին, քանզի նա է թալանել պրն. Մադլենին և սպանել Ժավերին: Գաղտնիքները բացահայտում է Տենարդյոն: Ժան Վալժանը գող և մարդասպան չէ. հենց նա է փրկել Մարիուսին:
Մարիուսը և Կոզետը շտապում են Վալժանի մոտ, որպեսզի ներողություն խնդրեն: Ծեր կալանավորը մեռնում է երջանիկ, քանզի սիրելի երեխաները վերջին պահին նրա կողքին են: