Ֆրանսիա: 1468 թ.: Թագավոր Լյուդովիկոս Տասնմեկերորդի դեմ ապստամբել է Բուրգունդիայի դուքս Կառլոս Խիզախը: Ձգտելով թուլացնել իր հակառակորդին՝ Լյուդովիկոսը դրդում է Կառլոսի հպատակ մի քանի քաղաքների, որոնց թվում է Գենտը, Լյեժը և Մալինը, ապստամբել իրենց տիրոջ դեմ:
Բուրգունդացի կոմսուհի Իզաբել դը Կրուան, որը դքսի հպատակներից է, հրաժարվում է ամուսնանալ նրա ֆավորիտի՝ Կամպո Բասո կոմսի հետ և փորձում է պատսպարվել թագավոր Կառլոսի մոտ:
Դուքսը պատրաստ է պատերազմ հայտարարել թագավորին, եթե սա չվերադարձնի կոմսուհուն: Թագավոր Կառլոսը ամեն կերպ ջանում է խուսափել պատերազմից՝ վախենալով, որ Դուքս Կամպո Բասոն կարող է դաշնակցել անգլիացիների հետ: Համոզում է կոմսուհի դը Կրուային գնալ Լյեժի եպիսկոպոսի մոտ: Միաժամանակ գաղտնի մտադիր է ամուսնացնել կոմսուհուն ավազակների պարագլուխ «Արդենի Կինճի» (Գիյոմ դը Լա Մարկի) հետ՝ Բուրգունդիայի սահմանի մոտ դուքսի համար շատ անհարմար թշնամի ստեղծելու համար:
Կոմսուհուն Լյեժ է ուղեկցում փոքրիկ ջոկատ, որը գլխավորում է Քվենտին Դորվարդը: Ճանապարհին Քվենտինը ամեն կերպ պաշտպանում է Իզաբելին և բացահայտում է նրա դեմ հյուսված դավադրությունը:
Գալով Լյեժ՝ կոմսուհին իսկույն ենթարկվում է նոր վտանգների: Գիյոմ դը Լա Մարկի գլխավորած մարդիկ պաշարում են եպիսկոպոսությունը և սպանում են եպիսկոպոս Լյուդովիկոս Բուրբոնին: Դժվարությամբ խույս տալով Գիյոմ դը Լա Մարկից՝ կոմսուհին խնդրում է Քվենտին Դորվարդին տանել իրեն Բուրգունդիայի դուքսի մոտ: Նրանց հաջողվում է դժվարությամբ հասնել Բուրգունդիա:
Բայց հենց այդ ժամանակ դուքսի մոտ է հյուրընկալվել թագավոր Լյուդովիկոսը, որը եկել է խաղաղ ելք տալ իրենց վեճին: Իմանալով Լյեժում տեղի ունեցածի մասին և ընկնելով ցասման մեջ՝ դուքսը հրամայում է թագավորին բանտ նետել:
Մեծ դժվարությամբ թագավորին հաջողվում է իր և դքսի վեճը տեղափոխել դատարան և այնտեղ գտնել լուծումը և արդարանալ:
Դուքս Կառլոսը վերստին ուզում է զբաղվել կոմսուհի Իզաբելի ամուսնության հարցերով: Այս անգամ ուզում է ամուսնացնել կոմսուհուն Օռլեանի դքսի՝ Լյուդովիկոսի գահաժառանգի հետ: Սակայն Իզաբելան նորից մերժում է նրան: Զայրացած դուքս Կառլոսն ասում է, որ կամուսնացնի կոմսուհուն առաջին իսկ մարդու հետ, ով կբերի իրեն Գիյոմ դը Լա Մարկի գլուխը: Քվենտինը կարողանում է կատարել այդ առաջադրանքը և իր ազգականի՝ Լյուդովիկոս Լեսլիի միջնորդությամբ խնդրում է Իզաբելի ձեռքը և ամուսնանում է նրա հետ: