Ռոբերտ Մուզիլ. «Մարդն առանց հատկությունների» (1940թ. համառոտ)

Robert MusilՎեպի գործողությունները տեղի են ունենում Վիենայում (1913 թ.): Գլխավոր հերոսն է 22 ամյա Ուլրիխը: Նա մաթեմատիկոս է, ինտելեկտուալ, ցինիկ, որը հոգնել է ինքն իրենից և աշխարհից: Վարում է վառ, սակայն անկարգ կյանք:  Հոր հարստության և կապերի շնորհիվ նա կարիք չունի հոգալու հանապազօրյա հացի խնդիրներ: Երբ հերթական անգամ հարցնում է ինքն իրեն, թե ինչով զբաղվի, ստանում է բարոն Շտալբուրգին հասցեագրված նամակ, որը հոր ասելով կարող է հոգ տանել Ուլրիխի ապագայի մասին: Հայրը հաղորդում է նաև, որ 1918 թ. Գերմանիայում նշվելու է Վիլհելմի Երկրորդ կայսեր կառավարման երեսնամյակը, իսկ ավստրիացիները կպատասխանեն դրան նույն տարում նշելով իրենց կայսեր՝ Ֆրանց Յոսիֆի յոթանասունամյա կառավարման տարեդարձը:

Հոր խորհրդով Ուլրիխը ծանոթանում է կոմս Լայնսդորֆի և արտգործոց նախարարության բաժնի պետ Տուցցիի հետ, որի քույրը իր զարմուհին է: Այդ կինը, որին Ուլրիխը կոչում է Դիոտիմա (ըստ Պլատոնի Դիոտիմա անունով մի կին բացել է Սոկրատեսի համար Էրոսի գաղտնիքը և սիրո ներքին իմաստը), ոչ շատ խելացի, սակայն պատմության մեջ մտնելու ցանկությամբ տոգորված հայրենասեր ու պատվախնդիր անձնավորություն է: Կոմս Լայնդսդորֆի ղեկավարությամբ նա հույս ունի գործել իսկսկան սխրանք, քանզի հենց իր մասնակցությամբ և աջակցությամբ կարող է հասունանալ և հռչակվել «մեծ գաղափարը», որը կմիավորի բազմազգ կայսրությունը և կհասցնի այն ոգու բարձունքի: Ուլրիխը տեսնում է, թե ինչպես է թափ առնում «զուգահեռ գործողության» անունը ստացած շարժումը, որի պաշտպաններին, սակայն, ոչ մի հայտնություն և ոչ մի մեծ գաղափար այդպես էլ չի այցելում: Առանձին գաղափարներ, իհարկե, ծագում են: Այսպես, ոմն ֆաբրիկանտի կինը առաջարկում է բացել Ֆրանց Յոսիֆի անվան ապուր բաժանող ճաշարան: Առաջարկ է լինում լույս ընծայել «Ֆրանց Յոսիֆը և իր ժամանակը» վերնագրով գիրք: Իսկ Ուլրիխի ընկերուհին՝ Կլարիսը, որը Նիցշեի մեծ սիրահար է, առաջարկում է 1918 թ.-ը հայտարարել «ավստրիական Նիցշեի տարի»: Աստիճանաբար «զուգահեռ գործողության» պաշտպանների շրջանակն ընդլայնվում է: Դիոտիմայի սալոնում ակտիվ մասնակից է դառնում դոկտոր Պաուլ Արնհայմը, պսևդոփիլիսոփայական տրակտաների հեղինակը և շատ հարուստ գործարարը: Նրա և Դիոտիմայի միջև ծագում է հոգեհարազատության երկուսին է անհասկանալի մի զգացում: Սակայն երկուսն էլ շատ սառը և անչափ վերացական են իրենց «ոգեղինության մեջ», որպեսզի անկեղծորեն ընդառաջ գնան իրար:

Սալոն են սկսում այցելել նաև երիտասարդ բոհեմի ներկայացուցիչները: Ուլրիխը այս ամենի ականատեսն ու վկան է. նա ցանկանում է ետ պահել Դիոտիմային հաշվենկատ Արնհայմից, որն իրեն դուրս չի գալիս: Սակայն զարմուհին շատ է տարված իր գաղափարներով: Նա ասում է Ուլրիխին, որ Արնհայմը համոզում է իրեն թողնել ամուսնուն և ամուսանանալ իր հետ: Միայն պարտքի զգացումն է ետ պահում իրեն: Ուլրիխին ձգում է այս իշխող և ինքնավստահ կինը: Բայց այստեղ, ինչպես և մյուս հարցերում նկատվում է նրա մտքերի երկատվածությունը: Կլարիսն ուզում է, որ իր ծնվելիք երեխայի հայրը լինի ոչ թե իր ամուսինը՝ Վալտերը, այլ Ուլրիխը: Կոչում է Ուլրիխին «մարդ առանց հատկությունների»:

Ուլրիխը, որը չի հավատում «զուգահեռ գործողության» արդյունավետությանը, այդուհանդերձ իր շուրջն է հավաքում գաղափարական ընդդիմադիրների: Իմանում է, որ Գերդան, իր հին ծանոթի՝ Լեո Ֆիշելի դուստրը մասնակցում է միստիկորեն տրամադրված երիտասարդ գերմանացի հակասեմիթականների հավաքներին, որոնք ղեկավարում է Հանս Զեպը: Ուլրիխը հանդիպում է Զեպի հետ և փորձում է պարզել, թե կարող է արդյոք այդ քաղաքական մոլագարը թարմ արյուն ներարկել «զուգահեռ գործողության» մեջ: Սակայն ներքուստ Ուլրիխը ցանկանում է գրավել Գերդային, որն իր կարծիքով սիրահարված իրեն, սակայն չի ուզում խոստովանել: Եվ դարձյալ Ուլրիխը չգիտի, թե ինչ է ուզում: Եվ երբ Գերդան գալիս է նրա բնակարան՝ հայտնելու հորից իմացած նորությունը, այն, որ Արնհայմը փորձում է օգտագործել «զուգահեռ գործողությունը» Գալիսցիայի նավթային հանքերը յուրացնելու համար, Ուլրիխը տիրում է նրան, առանց որևէ հատուկ ցանկության ու անտարբեր: Այն, ինչ տեղի է ունենում Ուլրիխի հետ, չի դիպչում նրա էությանը, նա ասես լողում է հոսանքով:

Թերթերը անվերջ գրում են ոմն Մոոսբուրգերի դատավարության մասին: Հոգեկան հիվանդ թափառականը սպանել է մարմնավաճառ մի կնոջ: Կինն ինքն է մոտեցել նրան, և, ինչպես ասում է ինքը Մոոսբուրգերը, նա սպանել է մութ և տձև ինչ-որ բանից փրվելու համար: Ուլրիխին այս պատմությունը շատ է հետաքրքրում: Նա գտնում է իր մեջ այն ապակառուցողական ուժերը, որոնք հյուսն Մոոսբուրգերին վերածել են մարդասպանի և մոլագարի: Նա մերժում է իր քարտուղարը դառնալու Արնհայմի առաջարկը և որոշում է հեռու մնալ քաղաքականությունից և տնտեսությունից: Ստանում է հոր մահվան մասին հայտնող հեռագիրը:

Հայրական տանը հանդիպում է քրոջը՝ Ագաթային, որի հետ հոգևոր մտերմություն է զգում: Այդ զգացումը սպառնում է վերածվել կրքի: Քույրը պատրաստ է հեռանալ ամուսնուց: Նրա ցինիզմը այնքան է ձգում Ուլրիխին, որ նա ապրում է իրեն մինչ այդ անհայտ «ուրիշ վիճակ»: Երազում է «հազարամյա թագավորության մասին», որտեղ բոլոր գործողություններն ու զգացմուքները կհիմնվեն սիրո վրա: Միաժամանակ թուլանում է «զուգահեռ գործողության» պաշտպանների  եռանդունությունը: Արնհայմը հեռանում է նրանցից և տրվում է «սեռական գիտության» ուսումնասիրությանը: Դիոտիման ատում է նրան, որովհետև կարծում է, որ նա վախեցել է իր հոգևոր զորությունից:

Ուլրիխը և Ագաթան մեկուսանում են և դադարում են ընդունել իրենց մտերիմներին: Նրանք զբոսնում են, զրուցում և ավելի ու ավելի համակրում միմյանց: Սիրո անուրջները նրանց ավելի հոգեհարազատ են, քան մարմնավոր սերը, ահա ինչու ինքը բնությունը չի կարող շնորհել նրանց բարձրագույն միասնության քաղցրություն:

tarntercum