Ռաֆայել Պատկանյան. «Արաքսի արտասուքը» (1856 թ. համառոտ)

patkanyan-araqsi-artasunqnՄիքայել Նալբանդյանը այսպես է գրում Ռաֆայել Պատկանյանի նշանավոր  բանաստեղծության մասին. «Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» և միշտ հիացել եմ, որովհետև դորա մեջ լսում և զգում եմ հայ ազգի իղձը, որովհետև այն ճշգրիտ և գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին»:

Րաֆֆին այս բանաստեղծությունը կոչել է «Հայ պոեզիայի թագուհի»:

Արաքս գետը հայերի համար նույնն է, ինչ Գանգեսը՝ հնդիկների, Նեղոսը՝ եգիպտացիների, կամ Հռենոսը՝ գերմանացիների համար: Այն բովանդակում է իր մեջ մայրական սկզբունքի խորհրդանիշը:

 Հին կտակարանում Արաքսը կոչվել է Գիհոն և համարվել է դրախտի չորս գետերից մեկը:

Պատկանյանի բանաստեղծության մեջ Մայր-Արաքսը վշտահար է: Բանաստեղծը «քայլամոլոր» շրջում է գետի ափերով և նրա պղտոր ալիքները դիտելով՝ փորձում պեղել պատմական հիշողությունը: Զրույցը գետի հետ սկսվում է հարցով և դա թույլ է տալիս այս բանաստեղծությունը գեթ ձևաբանորեն դասել ռոմանտիկական այն հարացույցին, որի բարձր նմուշներն են Եվրոպայում Լամարթինի «Լճակը», «լճային դպրոցի» բանաստեղծների շատ գործեր և զուտ ձևաբանորեն նաև Դուրյանի «Լճակը»:

 -Արա՛քս, ինչու ձկանց հետ

 Պար չես բռնում մանկական,

 Դու դեռ ծովը չհասած

 Սգավոր ես ինձ նըման:

Հարցը առաջ է բերում Արաքսի վրդովմունքը: Գետը հիշում է, որ ժամանակին, երբ դեռ գոյություն է ունեցել հայոց պետականությունը, ինքը եղել է թագուհի: Ոչինչ չի մնացել հին ժամանակներից, քանի որ իր ջրերն են մտնում «ճպռոտ աչքերով» օտարները, իսկ հպարտ գետը օտար փեսա չի ընդունում: Հայաստանի անկախության հավատարիմ այրին է Արաքսը:

-Խիզա՜խ, անմի՜տ պատանի,

Նիրհս ինչո՞ւ դարևոր

Վրդովվում ես, նորոգում

Իմ ցավերը բյուրավոր:

Սիրելիի մահից հետ

Ե՞րբ ես տեսել, որ այրին

Ոտքից գլուխ պճնվի

Իր զարդերով թանկագին:

Մայր-Արաքսը երազում է այն պահը, երբ իր որդիները կհամախմբվեն, և այն ժամանակ միայն ինքը նորից շքեղորեն կզարդարվի: Բանաստեղծության ավարտը որոշակիորեն նաև կոչ է ցարական բռնապետության դեմ:

Քանի որ իմ զավակունք

Այսպես կու մընան պանդուխտ,-

Ինձ միշտ սըգավոր կըտեսնեք,

Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…:

Գետի սուրբ ուխտը հայկական ոգու տոկունության խորհրդանիշն է:

Որպես ռոմանտիկական բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանն այս բանաստեղծության մեջ թանձրացնում է անցյալի և ապագայի բաժանարար գիծը:

tarntercum