Պատումի հերոսը` 18-ամյա դանիացի Մալտե Լաուրիդս Բրիգգեն, որը սերում է հին ազնվական տոհմից, հայտնվում է Փարիզում կատարյալ միայնության և չքավորության մեջ: Նրա աչքին են զարնում փարիզյան կյանքի ոչ գեղեցիկ կողմերը՝ աղքատությունը, հիվանդները, քլորոֆորմի գարշահոտությունը, փողոցում ինչ-որ բան վաճառել փորձող չքավորները: Նրանք ապրում են իրենց կյանքը՝ կորցնելով անհատականությունը և մեռնում են ոչ իրենց մահով: Մալտեն նկատում է, որ մարդկության դարերով կուտակած իմաստնության փորձը չի կարող օգնել նրանց: Մարդկությունը հիմնականում գործ է ունեցել անարժեք մտավարժանքների հետ, որոնք չեն օգնում ճանաչել մարդու առեղծվածը:
Մալտեն գրելու մեծ ցանկություն է զգում, ահա ինչու նա գրում է իր նոթերը: Նրա գրությունը մարդկային գոյության ամբողջական ճանաչողությանը միտված քայլ է: Նա պիտի պարզի ոչ միայն կյանքի այլև մահվան առեղծվածը, քանի որ մահը նույնպես մարդու էության մասն է և յուրաքանչյուր մարդ պիտի մեռնի սեփական մահով:
Նպատակ ունենալով գտնել իր անհատականությունը՝ Մալտեն դատապարտում է իրեն մենակության: Կապը մյուս մարդկանց հետ թելադրում է գործողություններին արհեստական երանգ և դիմակ է դնում մարդու դեմքին: Անգամ սերն է սահմանափակում մարդու ազատությունը, քանի որ այստեղ էլ կա ուրիշի ազատությունը սահմանափակելու և նրան քեզ ենթարկելու ձգտում:
Մալտեի համար շատ կարևոր է Անառակ որդու մասին առակը: Անառակ որդին հեռացել է տանից, որովհետև չի ցանկացել լինել սիրված, չի ցանկացել համաձայնել ճակատագրի միայն մեկ տարբերակին: Իր թափառումների մեջ նա հույս ունի գտնել այնպիսի սեր, որը չի սահմանափակի իր և ուրիշի ազատությունը:
Վեպում պատմվում է մեծ սիրահարների՝ Գասպար Ստամպի, Մարիանա Ալկոֆորադոյի և Մալտեի սիրելիի՝ Աբելոնայի մասին: Նրանց դեպքում սերը մտահայեցողական չէ, այն պատրաստ է կենդանի վերապրման և ինքնազոհաբերության: Սակայն Մալտեն այդպիսի սիրո ունակ չէ:
Ձգտելով մեկուսանալ մարդկանցից՝ Մալտեն այդուհանդերձ մեծ հետաքրքրություն ունի նրանց հանդեպ: Ահա ինչու Ֆլոբերի հերոսը՝ Յուլիանը, դառնում է նրա համար ուսանելի օրինակ: Մալտեին համակում է վախի զգացումը: Դա գոյաբանական վախ է, վախ գոյությունից, որքանով այդ գոյությունը մութ և անհասկանալի է: Ձգտելով հասկանալ իրականությունը իր նոթերի միջոցով, Մալտեն տեսնում է, որ ավելի շուտ մղվում է հիշողությունների և երևակայության գիրկը: Աշխարհը չունի կարգ: Ամեն բան հանգում է մտքի մեջ իրար փոխհոջորդող պատկերների ու դրանց քմահաճության: Եվ այդուհանդերձ, զգալով դրված խնդրի առաջ իր անզորությունը, Մալտեն իր գրության մեջ հասնում է իսկական վարպետության: Նա ցուցաբերում է պատմողի իսկական տաղանդ: Նա, ինչպեսՆիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հերոս Իվան Կուզմիչը, տիրում է անհամար պատմությունների գանձին, պատմություններ, որոնք նա հիշում և նկարագրում է…