Պլատոն. «Սոկրատեսի պաշտպանականը» (համառոտ)

Platon«Պաշտպանականը» Պլատոնի միակ երկն է, որ տրամախոսություն չէ: Այն վերարտադրում է Սոկրատեսի ճառը` արտասանված Ք.ա. 399 թ. Աթենքի դատարանում, ուր նա բերվել էր` մեղադրվելով աստվածների փոխարեն դեմոններին երկրպագելու և երիտասարդներին այլասերելու մեջ: Թե որքանով է «Պաշտպանականն» արտացոլում Սոկրատեսի իրական ճառը, հարց է, որի միանշանակ պատասխանը դժվար է ակնկալել: Հավանաբար իր էական գծերով Սոկրատեսի խոսքը եղել է այնպիսին, ինչպես հաղորդում է Պլատոնը, թեպետ գուցեև չի եղել այդչափ ընդարձակ և գրավիչ: «Պաշտպանականը» բաղկացած է երեք մասից:

Առաջին մաս. Սոկրատեսը սկսում է իր ճառը հեգնական դիտողությամբ, ըստ որի մեղադրողների ելույթն այնքան համոզիչ էր, որ ինքն էլ քիչ մնաց մոռանա իրեն: Ակնարկվում է հռետորիկայի պաթոլոգիկ ազդեցությունը` համոզել, բայց չլինել ճշմարիտ: Ինքը Սոկրատեսը խոստանում է խոսել պարզ ու անպաճույճ: Մեղադրողները երկու կարգի են: Առաջինները ավելի վտանգավոր են, քանի որ վաղուց է, ինչ մեղադրում են: Նրանց մեղադրանքը խոր արմատներ ունի, և այն դժվար է հերքել կարճ ժամանակում: Այժմյան մեղադրողներն են Անիտոսը, Մելետոսը և Լիկոնը, որոնք պակաս վտանգավոր են, քանի որ նրանք դատավարության պատճառն են, բայց ոչ այն մեծ զրպարտանքի, որ գոյացել է հեռակա մեղադրողների ստերից:

Առաջին մեղադրողների մեղադրանքը, ըստ որի Սոկրատեսը հետազոտել է երկրի տակ և երկնքում եղածը, զրպարտանք է: Զրպարտանք է նաև այն, որ Սոկրատեսը իրեն համարում է ինչ-որ իմաստության կրող: «Մարդկային» այդ իմաստությունը Սոկրատեսը սահմանափակում է իր կատարյալ չիմացությունը հաստատող իմացությամբ,- գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ,- որով և տարբերվում է այլ մարդկանցից, ովքեր կարծում են, թե ինչ-որ իմաստություն ունեն:

Երկրորդ մեղադրողների մեղադրանքը` իբր Սոկրատեսը այլասերում է երիտասարդներին և նոր դեմոններ է ներմուծում, նույնպես զրպարտանք է: Անհնար է ապացուցել, որ Սոկրատեսը այլասերել է երիտասարդներին, այլապես կնշանակեր, որ միայն ինքն է այլասերում, իսկ դատարանը, խորհրդի անդամները կամ հենց Մելետոսը երբեք չեն այլասերել: Բացի այդ, անապացուցելի է, որ նա արել է դա կամովին, իսկ ակամա հանցանքի համար պետք է ոչ թե դատել, այլ մասնավոր խրատներ տալ, ինչը սակայն ո´չ Մելետոսը, ո´չ մյուս մեղադրողները չեն արել: Անաստվածության մեջ մեղադրանքը նույնպես անհիմն է, քանզի եթե անգամ Սոկրատեսը նոր դեմոններ է ներմուծել, ապա առնվազն անաստված չէ. դեմոններ ընդունողը չի կարող չընդունել աստվածներին:

Ինքը Սոկրատեսը չի վախենում մահից. ամոթն ու փոքրոգությունը ավելի են վախեցնում իրեն: Բացի այդ, նա չի կարող վախ տածել մի բանի հանդեպ, որը չի ճանաչում: Սոկրատեսը չի կարող դադարել ինքն իրեն և ուրիշներին փորձելուց և մահապատիժը կորուստ է ոչ թե իր, այլ քաղաքի համար, քանի որ դժվար թե գտնվի ուրիշ մեկը, ով թողնելով իր մասնավոր հոգսերը` կստիպի այլոց մտածել ճշմարտության մասին: Համեմատում է իրեն բոռի հետ, որ աստծո կողմից կցված է քաղաքին, ինչպես ազնվացեղ ձիուն: Նա ոչինչ չի սովորեցրել, այլ հարցեր է տվել և այլոց դրդել անելու նույնը: Այդ հարցերի ու դրանց տրված պատասխանների մեջ այլասերող ոչինչ չի եղել և այդ բանը շատերը կարող են վկայել, իսկ հակառակը` ոչ ոք: Սոկրատեսը թե´ իր, թե´ դատավորների համար անպատվություն է համարում գթություն աղերսել և մահապատիժը պատժի այլ ձևով փոխարինելու նպատակով դատարան բերել իր երեխաներին ու ազգականներին:

Երկրորդ մաս. Սոկրատեսը խոսում է ընդհանուր մեղադրանքից հետո: Նա զարմացած է, որ իր դեմ ուղղված մեղադրանքին կողմ եղածների գերակշռությունը այդքան աննշան է եղել: Ինքը Սոկրատեսը իր արածի համար իրեն կսահմաներ ընթրիք պրիտանեյոնում: Մահապատժի փոխարեն այլ պատիժ կրելը Սոկրատեսը համարում է անընդունելի, քանի որ բանտը ստրկություն է, աքսորը` կյանքից կառչող մարդու խղճուկ գոյություն, իսկ փրկագին վճարել նա ի վիճակի չէ: Աշակերտների երաշխավորությունը և իր համար վճարելիք փրկագինը նա համարում է անընդունելի, քանի որ չի պատրաստվում դադարեցնել ճշմարտության իր որոնումներն ու մարդկանց փորձելը:

Երրորդ մաս. Սոկրատեսը խոսում է մահավճռից հետո: Իր դեմ քվեարկածները իրեն չարիք չեն գործել, քանի որ նա ծեր է և նրա մահը կգար ինքնաբերաբար: Նրանք չարիք են գործել իրենք իրենց, որովհետև հետագայում մարդիկ իրեն կհամարեն իմաստուն, իսկ նրանց կմեղադրեն: Նա չի փորձել խուսափել մահից, ինչը դժվար չէ անել անգամ պատերազմում. բավական է միայն ստորանալ, իսկ դա նրա համար անընդունելի է: Այժմ Սոկրատեսի թշնամիները կենթարկվեն նրանց մերկացումներին, որոնց ինքը զսպում էր: Իրեն արդարացնել ցանկացողներին դիմելով` Սոկրատեսն ասում է, որ նախկինում իր ամեն սխալ քայլը կանխող ու ընդվզող ներքին ձայնը այս անգամ լուռ է մնացել, այդկերպ հուշելով նրան չհակառակվել մահվանը և չխուսափել նրանից: Մահը չարիք չէ, քանի որ եթե դա ոչնչացում է, ապա իսկական ձեռքբերում է Սոկրատեսի համար, իսկ եթե տեղափոխություն է Հադես, ինչպես ասում են, ապա նույնպես ձեռքբերում է, քանի որ այնտեղ կգտնի արդար դատավորների, կհաղորդակցվի իր պես անարդար դատապարտվածների հետ և կշարունակի այնտեղ փնտրել առաքինություն և իմաստություն: Դիմելով մեղադրողներին` Սոկրատեսը պահանջում է, որ իր զավակների հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես ինքն է վարվել նրանց` մեղադրողների հետ, այսինքն` տարհամոզել նրանց, եթե շատ տարվեն ընչաքաղցությամբ և դառնան ամբարտավան: Իր խոսքի վերջում Սոկրատեսն ասում է, որ ինքը գնում է մեռնելու,  իսկ իր մեղադրողները` ապրելու, և միայն աստծուն է հայտնի, թե դրանցից որն է ավելի լավ:

tarntercum