Ղազարոս Աղայան. «Արություն և Մանվել » (1867թ. համառոտ)

xhazaros-axayan-arutyu-ev-manvelՎեպն ինքնակենսագրական է: Առաջին մասը ներկայացնում է հին տոհմական աշխարհը իր ավանդական մտածողությամբ: Այստեղ էլ ձևավորվում է գլխավոր հերոսի հոգեբանությունը: «Կենսագրություն» գլխում պատմվում է Արությունի և այն անձանց մասին, որոնք որևէ կերպ ազդեցություն են թողել նրա կյանքի վրա: Ուսումնատվության համար բարբարոս ժամանակներում նա կրթություն է ստանում Մանիշակի, ապա Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ:

Այնուհետև Արությունը շարունակում է ուսումնառությունը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ էլ ձևավորվում է նրա լուսավորական աշխարհայացքը: Դպրոցական ուսումն ավարտելուց հետո հերոսը գիտակցում է ավանդական մոլորությունների և խավարամտության դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Սակայն Արությունը չի զգում, որ իրեն անհայտ է նոր գաղափարներ քարոզելու եղանակը: Նա չի էլ պատկերացնում, թե ինչպես են վարվում կամ խոսում նոր գաղափարներ վարդապետողները:

Արությունը հեռանում է հարազատ գյուղից, թափառում է գյուղից գյուղ, գիշերում անտառներում: Նրա առաջին լուսավորական փորձերը համայնքն ընկալում է որպես կարգը խափանող մի բան: Նրան համարում են խելագար: Երբ Արությունը գիտության բացահայտումներով է բացատրում բնական երևույթները, ուխտավորները, լսելով նրան, վախեցած խաչակնքվում են:

Ընկերոջը՝ Մանվելին, Արությունը գրում է, որ հարկ է մշակել վայրի անդաստանը, որի մեջ նա ապրում է և սերմեր ցանել: Ապրելով բնության մեջ՝ Արությունը ուժեղանում է ֆիզիկապես: Աստիճանաբար փոխվում է նաև հոգեմտավոր աշխարհի հետ աշխատելու եղանակը: Հանդիպելով նահապետականությունը մարմնավորող Պողոսին՝ նա կարողանում է ներշնչել վերջինիս մտքեր նոր աշխարհի մասին: Պողոսը սկսում է երևակայել և սպասում է Արությունին, որ առաջնորդի իրեն դեպի այդ աշխարհը: Սակայն Արությունն այլևս չի հանդիպում Պողոսին: Բայց Պողոսին են հանդիպում Արությունի նման մարդիկ, որոնք նույնպես զբաղված են լուսավորական մտքերի տարածմամբ:   

 Ուշագրավ են Արությունի մտքերն այն մասին, որ ժողովրդական նախասիրություններն արտահայտող աշուղները երգում են թուրքերեն: Նա որոշում է «մի սազ ձեռք բերել, իսկական աշըղ դառնալ՝ աշըղությունը բարենորոգելու նպատակով»՝ մեծ ժողովրդականություն վայելող այդ արվեստը ծառայեցնելու ժողովրդի հոգեկան-բարոյական վերածննդի, նրա ազգային ինքնագիտակցության զարգացման ու հայրենասիրական դաստիարակության գործին:

Արությունը ծաղրում է իր հետ մրցող նշանավոր աշուղին այն բանի համար, որ վերջինս տարածում է «ստահոդ պատմություններ», բայց ոչ մի տեղեկություն չունի իր մայր ժողովրդի պատմությունից:

Իր բնույթով «Արություն և Մանվել» վեպը լուսավորական պայքարի առաջնեկներից է հայ ավատական մտածողության մեջ:

tarntercum