Պոեմի նախնական վերնագիրը եղել է «Ծեր այգեպանի պատմությունը»: Ծեր այգեպանը բանաստեղծի նամակներից մեկում հիշատակված Ղոխնանց պապն է, որը Լոռու ձորում իր բանջարանոցն է ունեցել: Թումանյանը դեռևս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին լսել է նրա պատմությունները:
«Հառաչանքն» ունի նախերգանք, որը Թումանյանը հետագայում վերածել է առանձին ինքնուրույն բանաստեղծության: Ծերունին խոժոռ դեմքով, կյանք տեսած մարդ է, որի պատմության մեջ բացահայտվում են հայ գյուղի իդիլիական գեղեցկության և կուսական բնության գրկում ծագող մարդկային աշխարհի աղետալի կրքերը: Պոեմի հիմքում Չոբան Չատիի պատմությունն է, որը պատահաբար ընդհարվում է գյուղի թավադի հետ: Չատիի ոչխարները մտել են թավադի հանդը: Չատին չի հեռացնում իր ոչխարներին: Դեռ ավելին, մտքի եկածն ասում է թավադի երեսին: Այդ պատմությունն այնպիսի հնչեղություն է ստանում, որ Չատիին աքսորում են Սիբիր: Չատիի պատմությունը միակը չէ… Գյուղացիներն տեսնելով անիրավության աշխարհի անդառնալիությունը դիմում են հրացանին, զենք են վերցնում, լեռները քաշվում և այդկերպ ըմբոստանում: Հենց այդ մարդիկ էլ կոչվում են «ղաչաղներ»: