Հերման Հեսսե. «Տափաստանի գայլը» (1927թ. համառոտ)

Herman Hesse Steppe wolfՎեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին:

Սկզբում պատմողը տածում է Հարիի նկատմամբ վախի և զգուշավորության զգացում: Սակայն հետո նրան տիրում է համակրանքը: Համակրանք մի մարդու հանդեպ, որը չի կարողացել բացել իր հոգու ճշմարիտ աղբյուրները աշխարհում, ուր շատ բան հիմնված է անհատի կամքը ճնշելու վրա:

Հալլերը գրասեր է, որը հեռու է պրակտիկ հետաքրքրություններից: Չի աշխատում, երկար պառկում է անկողնում: Սիրում է դասական գրականություն. գրեթե բոլոր գրողներին՝ Գյոթեից մինչևԴոստոևսկի: Հաճախ նկարում է: Սակայն մնում է ներփակված իր աշխարհում՝ օտարվելով քաղքենի աշխարհից: Հերոսը զգում է իր մեջ երկու բնություն՝ մարդու և գայլի: Բայց ի տարբերություն ուրիշ մարդկանց, որոնք դարձել են ձեռնասուն և սովորել են ենթարկվել, Հարրին տառապում է իր ներսում ծավալվող այդ երկու բնությունների պայքարից:

Փորձելով ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ՝ Հարրին պարտություն է կրում: Հանդիպելով փողոցում ծանոթ պրոֆեսորի և այցելելով նրա տուն՝ Հարրին տառապում է այդ տանը տիրող քաղքենիական մթնոլորտից. հատկապես Գյոթեի անհաջող դիմանկարից և տանտիրոջ դատողություններից կայզերի մասին: Հարրին ցանկանում է հեռանալ այս աշխարհից, սակայն վախենում է մահից: Պատահաբար մտնում է «Սև արծիվ» սրճարանը, որտեղ հանդիպում է Հերմինե անունով մի աղջկա: Սկսվում է անսովոր սիրավեպ: Հերմինեն փորձում է սովորեցնել Հարրիին գիշերային սրճարաններին և ռեստորաններին, ջազին և իր ընկերներին: Այս ընթացքում հերոսն ավելի ու ավելի խորն է հասկանում իր վիճակի երկվությունը: Նա խոսում է պատերազմների դեմ, սակայն պատերազմի ժամանակ թույլ չի տվել, որ իրեն գնդակահարեն, այլ հարմարվել է իրավիճակին: Նա դեմ է ամեն էքսպլուատացիայի, սակայն բանկում ունի արժեթղթեր, որոնց տոկոսներով ապրում է:

Խորհրդածելով գերմանական երաժշտության մասին՝ Հալլերը տեսնում է դրա հանդեպ իր վերաբերմունքի մեջ ողջ գերմանական մտավորականության ճակատագիրը: Կյանքի մեջ մտնելու և այն ճանաչելու փոխարեն մտավորականը փախչում է երաժշտության անբառ ոլորտը: Այստեղից ծագում է ատելություն իրականության հանդեպ:

Վեպի վերջում հերոսը հայտնվում է կախարդական դիմականդեսում՝ Մոգական թատրոնում: Փորձելով գտնել Հերմինեին, որը տղայի զգեստ է հագել և հաղթում է կանանց իր լեսբիական հմայքով, Հարրին հայտնվում է ռեստորանի նկուղային հարկում՝ Հադեսում, որտեղ նվագում են երաժիշտ չարքերը, իսկ մթնոլորտը հիշեցնում է Գյոթեի «Ֆաուստի» Վալպուրգյան գիշերը: Ռոմանտիկական ավանդույթից փախչող հերոսը ցուցաբերում է իր էության երկվությունը կամ բազմակիությունը: Երաժշտության և դասական արվեստի սիրահարը նրա մեջ մեկտեղված է մարդասպանի հետ: Մոգական թատրոն, որտեղ մուտքը միայն խելագարների համար է, Հարրիին ուղեկցում է Հերմինայի ընկերը՝ սաքսոֆոնահար Պաբլոն, որը թմրադեղերի մեծ գիտակ է: Հալլերը սպանում է հենց Պաբլոյի հետ անկողնում հայտնված Հերմինեին՝ անառակին և իր մուսային, հանդիպում է մեծն Մոցարտին, որը բացահայտում է նրան կյանքի գաղտնիքը: Կյանքը պետք չէ ընդունել շատ լուրջ: «Հարկ է սովորել ծիծաղել… լսել կյանքի ռադիոերաժշտությունը և ծիծաղել…»: Մոցարտը վերածվում է Պաբլոյի, ասես ապացուցելով, որ գերագույնը կյանքում խաղն է, որի օրենքը պետք է պահպանել: Հալլերին մնում է հուսալ, որ երբևէ մի անգամ էլ խաղալու առիթ կստանա:

tarntercum