Թեոգոնիա կամ Աստվածների ծագումը պոեմն ըստ էության ողջ աշխարհակարգի ծագման միֆաէպիկական պատկերն է: Սկզբում Քաոսն էր՝ դատարկությունը, Երկիրը և Էրոսը (Սերը), որն իշխում է ինչպես մահկանացուների, այնպես էլ անմահների վրա: Քաոսից և Երկրից սերում են աշխարհակարգի մյուս մասերը, որոնք սերնդակարգված են՝ Էրեբոսը (Խավարը), լուսավոր Եթերը, Երկինքը, Ծովը, Լուսինը և այլն: Այս համակարգը ուշագրավ է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպես են դիցաբանության շրջանակներում հասունանում փիլիսոփայական հասկացությունները: Քաոսը, Երկիրը և Էրոսը նախորդում են փիլիսոփայության այնպիսի ըմբռնումներին, ինչպիսիք են տարածությունը, մատերիան և շարժումը: Քաոսը և Երկիրը ոգեղեն էություններ են, որոնք ծնում են նոր էություններ, որոնք իրենց հերթին շարունակում են բազմանալ: Հեսիոդոսի համակարգը ներառում է ոչ միայն այն աստվածներին, որոնք իրական պաշտամունքի առարկա էին հույների համար, այլև առօրեական կյանքի ամենատարբեր իրողությունների հիպոստազավորումները՝ աշխատանքը, սովը, տառապանքը, կռիվը, սպանությունը, վեճը: Պոեմում մեծ տեղ են գրավում այդպիսի իրողությունների թվարկումները՝ կատալոգները:
Մանրամասն ներկացվում է գահակալ աստվածների սերնդափոխության պատմությունը՝ Ուրանոսի, Կրոնոսի և Զևսի: Այստեղ է պատմությունը Կրոնոսի մասին, որը կրտում է հորը՝ Ուրանոսին՝ գլխավոր աստված դառնալու համար և որը հետագայում հոր բախտին արժանանալուց վախենալով, խժռում է իր նորածին զավակներին: Փրկվում է միայն Զևսը, որը ոչ միայն տապալում է Կրոնոսին, այլև վերացնում է տիտանական աստվածների մութ ժամանակը:
Զևսը ամուսնանում է Մետիսի (Ողջախոհության), այնուհետև Թեմիսի (արդարադատության) հետ, որը նրանից ծնում է Օրինականությունը, Արդարությունը, Խաղաղությունը և բախտի դիցուհիներ Մոյրաներին: Ուշագրավ է, որ Զևսի այն սերունդներին, որոնք մտնում են օլիմպիական աստվածների շարքը՝ Ապոլոնին, Աթենային, Հեսիոդոսը հիշատակում է մակերեսորեն:
Թեոգոնիայի շարունակությունն է եղել Կանանց կատալոգ պոեմը: Այստեղ պատմվում էր հերոսական նախամայրերի սերնդի մասին: Այնպես ինչպես Թեոգոնիան փորձում է համակարգել աստվածների տոհմաբանությունը, այնպես էլ Կատալոգը փորձում է համակարգել Հունաստանի տարբեր մասերում տարածված հերոսական պատումները՝ բերելով դրանք ընդհանուր ակունքների: