Խորխե Լուիս Բորխես. «Հավերժության պատմություն» (համառոտ)

Borxes«Հավերժության պատմություն» պատմվածաշարի մեջ մտնող երկերը հավաքված են հեղինակին հետաքրքրող մեկ թեմայի շուրջ: Դրանք առանձնանում են որոշակի ցիկլայնությամբ, դեպքերի կրկնվող բնույթով, ամփոփվածությամբ: Պատմվածքներից մեկը կոչվում է «Մոտենալով Ալմուտասիմին»: Սա գրախոսական է, որ նվիրված է 1932 թ. լույս տեսած մի վեպի, որը գրել է Միր Բախադուրը: Հերոսը իրավաբանության ուսանող է Բոմբեյում: Հեռացել է իր ծնողների կրոնից՝ իսլամից, և մուհարամ ամսի վերջում հայտնվում է մուսուլմանների և հնդուիստների ծեծկռտուքի բովում: Նա սպանում է, կամ նրան թվում է, որ նա սպանում է մի հնդուիստի: Գալիս է ոստիկանությունը և բոլորին ցրում է: Ուսանողը կարողանում է փախչել: Նա գնում է քաղաքի ծայրամասը և հայտնվում է մի այգում, որի կենտրոնում կանգնած է աշտարակը: Նրա վրա շներ են հարձակվում, և նա փորձում է թաքնվել աշտարակում: Այստեղ հանդիպում է հյուծված մի մարդու, որն ասում է, որ գողանում է աշտարակ բերված դիակների ոսկե ատամները: Չարությամբ խոսում է Գուջարաթցի ինչ-որ մարդկանց մասին: Հոգնած ուսանողը քնում է, իսկ երբ զարթնում է, տեսնում է, որ գողն անհետացել է՝ իր հետ տանելով նրա ծխախոտն ու մի քանի ռուպիները: Նրա մտքից դուրս չի գալիս «Գուջարաթ» անունը և ոմն «Մալկասանսիի» անունը՝ մի կնոջ, որը ավազակ է և որի մասին գողը հատկապես վատ էր արտահայտվել: Որոշում է գտնել այդ կնոջը՝ կարծելով, որ գողի տված վատ բնութագիրը ծառայում է ավելի շուտ որպես գովեստ:
Ուսանողը բազմաթիվ արկածներ է ունենում: Բենարեսի մոտակայքում նա վկան է դառնում ծեր աստղագետի մահվան: Կատմանդուում դառնում է դավադրության մասնակից: Աղոթում և շնանում է Կալկաթայում: Մադրասում դիտում է օրվա ծնունդը, իսկ Տրավանկորում դիտում է օրվա մեռնելը ծովի վրա և ամփոփում է տարիների ուղեծիրը այգում, որտեղ գտնվում է աշտարակը: Նա հայտնվում է ամենացածրակարգ մարդկանց շրջապատում: Հանկարծ նկատում է նրանցից մեկի մեջ ջերմություն և հիացմունք: Ուսանողը հասկանում է, որ այդ լույսը չի կարող ինքնին առաջանալ այդ մարդու մեջ, ուրեմն գոյություն ունի մեկը, որի զգացածը սա միայն արտացոլում է: Որոշում է գտնել այդ մարդուն:

Ուրիշների հոգիների մեջ գտնում է ցոլքերը, որ թողնում է այդ հոգին: Մի լուսավոր մարդուց նա անցնում է առավել լուսավորին՝ հասկանալով, որ նրանք սոսկ արտացոլանքներ են: Նախքան Ալմուտասիմը նա հանդիպում է գրավաճառի, իսկ նախքան գրավաճառը՝ մի սրբի: Վերջապես ուսանողը հայտնվում է պատկերասրահում, որի վերջում դուռ է: Ձայնը ասում է, որ նա եկել է Ալմուտասիմի մոտ: Ալմուտասիմի ձայնը կարգադրում է նրան ներս մտնել: Ուսանողը բացում է դուռը և մտնում է:

Պատմությունն այստեղ ավարտվում է, և հետևում են քննադատական դիտողություններ: 

Միր Բախադուր Ալին գրել է վեպը որպես այլաբանություն: Ալմուտասիմն Աստծո այլաբանություն է, իսկ հերոսի անցած ճանապարհը հոգու զարգացման փուլեր: Ալմուտասիմը Աստծո խորհրդանիշն է: Վեպի առաջին հատվածում կարելի է գտնել Քիփլինգի մի պատմվածքի արձագանքը: Վեպը նաև կապված է ֆարիդադին Աթարի «Թռչունների երգը» վեպի հետ: Թռչունների արքա Սիմուրգը Չինաստանի կենտրոնում գեղեցիկ փետուր է թողնում և անարխիայից հոգնած թռչունները գնում են որոնելու նրան: Շատերը ճանապարհին մեռնում են: Միայն 30 թռչուն է հասնում Սիմուրգի լեռանը: Նրանք տեսնում են Սիմուրգին և հասկանում են, որ իրենք են Սիմուրգը, բոլորը միասին և յուրաքանչյուրն առանձին: Փնտրողը և փնտրվող առարկան նույնանում են: 

tarntercum