Կալատրավայի ուխտի կամանդոր Ֆերնան Գոմես դե Գուսմանը գալիս է Ալմագրո, ուխտի մագիստրոսի՝ Ռոդրիգո Տելյես Խիրոնի մոտ: Մագիստրոսը երիտասարդ է և նոր է ժառանգել տիտղոսն իր հորից: Ահա ինչու ռազմի փառքով պսակված կամանդորը վերաբերվում է նրան որոշ անվստահությամբ: Նա եկել է մագիստրոսի մոտ՝ տեղեկացնելու նրան մի գժտության մասին, որը տիպական է տասնհինգերորդ դարի Իսպանիայի համար: Կաստիլիայի թագավոր դոն Էնրիկեի մահից հետո գահի հավակնորդներն են՝ Ալֆոնսո Պորտուգալացին և դոն Ֆերնանդո Արագոնացին: Կամանդորը խորհուրդ է տալիս մագիստրոսին հավաքել ուխտի ասպետներին և գրավել Սյուդադ-Ռեալ քաղաքը, որը գտնվում է Անդալուսիայի և Կաստիլիայի սահմանին և որը Կաստիլիայի թագավորը համարում է իր տիրույթը: Կամանդորն առաջարկում է մագիստրոսին իր զինվորներին: Նրանք հաստատվել են Ֆուենտե Օվեխունա գյուղում, որի ժողովուրդը կարող է միայն հոտ արածացնել, բայց չգիտի կռվել: Մագիստրոսը պատվիրում է զորք հավաքել և պատժել թշնամուն:
Ֆուենտե Օվեխունայում ժողովուրդն անհամբեր սպասում է կամանդորի հեռանալուն: Նրան չեն սիրում, որովհետև հետապնդում է կանանց և երիտասարդ աղջիկներին: Նրա վերջին զոհը Լաուրենսիան է, որին հանգիստ չի թողնում: Բայց Լաուրենսիան սիրում է Ֆրոնդոսոյին՝ հասարակ գյուղացուն, և մերժում է կամանդորի ընծաները:
Սյուդադ-Ռեալի համար ճակատամարտը պսակվում է մագիստրոսի հաղթանակով: Հաղթանակից հետո մագիստրոսը պատժում է ապստամբներին և մնում է քաղաքում, իսկ կամանդորը վերադառնում է Ֆուենտե Օվեխունա, որտեղ գյուղացիները երգում են նրա փառքը, իսկ գյուղի ալկալդը՝ Լաուրենսիայի հայրը, ողջունում է նրան և հանձնում հարուստ նվերներ: Սակայն կամանդորին պետք են ոչ թե նվերները, այլ Լաուրենսիան և նրա ընկերուհին Պասկուալան:
Արշավից որոշ ժամանակ անց կամանդորը որսի ժամանակ աղբյուրի մոտ նկատում է Լաուրենսիային: Աղջիկը հանդիպում ունի Ֆրոնդոսոյի հետ: Տեսնելով կամանդորին խնդրում է տղային թաքնվել: Կամանդորը մի կողմ դնելով աղեղը՝ փորձում է ամեն գնով տիրել աղջկան: Ֆրոնդոսոն դուրս է գալիս թաքստոցից և սպառնալով աղեղով՝ ստիպում է կամանդորին նահանջել և ինքն էլ փախչում է: Ստորացված կամանդորը որոշում է պատժել տղային: Դեպքի մասին իմանում է ողջ գյուղը: Կամանդորը գալիս է ալկալդի մոտ և պահանջում է, որ իր մոտ ուղարկի դստերը: Սա բացատրում է, որ գյուղացիները ևս ունեն իրենց պատիվը և չարժե այն ոտնահարել:
Այդ ժամանակ Կաստիլիայի թագավոր Ֆերնանդոյի և թագուհի Իսավելի մոտ գալիս են Սյուդադ-Ռեալի պատվիրակները և պատմում են, թե ինչ անօրենություններ են գործում կամանդորն ու մագիստրոսը իրենց հողում և օգնություն են խնդրում: Ֆերնանդոն իսկույն զորք է ուղարկում Սյուդադ-Ռեալ, որպեսզի պատժի մագիստրոսին: Արշավանքը հաջող է: Ֆերնանդոյի զորքը պաշարում է Սյուդադ-Ռեալը: Կալատրավայի մագիստրոսը օգնության է կանչում կամանդորին: Միայն այդ կանչն է կանխում զայրացած կամանդորի վրեժը:
Կամանդորի բացակայությամբ Լաուրենսիան և Ֆրոնդոսոն որոշում են ամուսնանալ: Հարսանքի կեսից կամանդորը վերադառնում է: Հրամայում է բանտ նետել Ֆրոնդոսոյին: Հսկողության տակ են առնում նաև Լաուրենսիային: Ֆուենտե Օվեխունայի բնակիչները ժողով են գումարում: Մի մասը պատրաստ է զենք բարձրացնել կամանդորի դեմ, իսկ մի մասը՝ լռել: Վեճի ամենաթեժ պահին հայտնվում է Լաուրենսիան, որի տեսքը վկայում է, որ աղջիկը ենթարկվել է ծեծի և կտտանքների: Նա ասում է, որ Ֆրոնդոսոյին մահ է սպառնում: Ողջ գյուղը շարժվում է դեպի թագավորի տունը: Վերջինս, զարմանալով բնակիչների խիզախության վրա, որոշում է բաց թողնել Ֆրոնդոսոյին: Բայց դա չի փրկում նրան: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Նրանք բառացիորեն կտոր-կտոր են անում կամանդորին և նրա ծառաներին:
Ծառաներից մեկը, այնուամենայնիվ, փրկվում է և փախչում է թագավոր Ֆերնանդոյի մոտ, որին պատմում է ապստամբության մասին: Չի ասում, սակայն, որ Ֆուենտե Օվեխունայի բնակիչներն ուզում են, որ իրենց կառավարի հենց թագավորը: Թագավորը Ֆուենտե Օվեխունա է ուղարկում դատավոր և կապիտան, որը պիտի կարգ ու կանոն հաստատի գյուղում:
Այդ ընթացքում գյուղացիները, հասկանալով, որ իրենց սպասում է քննություն, որոշում են դատավորի բոլոր հարցերին, և հատկապես այն հարցին, թե ով է սպանել կամանդորին, պատասխանել. «Ֆուենտե Օվեխունա»: Քննիչները բանեցնում են ամենադաժան միջոցները: Շատերին բանտ են նետում, շատերին տանջում են: Սակայն մարդիկ տալիս են նույն պատասխանը: Կամանդորին սպանել է Ֆուենտե Օվեխունան: Դատավորը ձեռնունայն վերադառնում է թագավորի մոտ: Ասում է, որ տանջել է երեք հարյուր մարդու և ստացել է նույն անորոշ պատասխանը: Պատմում է նաև կամանդորի օրոք գյուղացիների կրած ստորացումների մասին: Այժմ Ֆուենտե Օվեխունայի բնակիչներն ուզում են, որ իրենց կառավարի թագավորը: Թագավորը որոշում է ներել մարդկանց և ենթարկել Ֆուենտե Օվեխունան իր ուղղակի իշխանությանը, մինչև որ կգտնվի նոր ու ազնիվ կամանդոր: