Գարնանամուտ մի երեկո Սյունյաց նահապետ Բակուրը իր պալատում շքեղ հանդես է տալիս: Պալատ է գալիս հոգնած ուղևարը: Տրդատ Բագրատունին է՝ Հայոց Տիրան արքայի փեսան: Ասպետը փախչում է Մարաստան: Իր կնոջը՝ Տիրանի աննման դստերը, պալատից վռնդել է՝ խուզելով, իբր անարգանք, նրա խարտյաշ գանգուրները:
Լուր է հասնում, որ թագավորը մեռել է Մասիսի ձյուների մեջ: Տրդատին այս լուրը բերկրանքով է լցնում: – «Խմե՜նք,– ասում է,– ու տոնենք Արշակունի գահերի անկումը»: Այդ իսկ պահին հայացքը մի կնոջ զույգ աչքերին է հանդիպում: Տրդատը ծոցից հանում է խարտյաշ մազերի խուրձը և սրբում գինոտ բերանը: Այդ կինը վարձակ Նազենիկն է: Ներս են գալիս վեց գուսաններ և նվագում են: Նազենիկը սկսում է պարել: Պարի վերջում Տրդատը բռնում է նրա բազուկից և ծնկին նստեցնում: Խնդրում է Բակուրին, որ իրեն տա վարձակին: Բակուրը պատասխանում է, որ աղջկան Վրաց երկրում նիզակով է շահել և մերժում է: Տրդատը գինի է խմեցնում վարձակին և սկսում է համբուրել: Բակուրը ոտքի է ելնում և վրա է հասնում, որ ազատի հարճին և ջախջախի ասպետի գլուխը: Տրդատը վերցնում է սեղանի վրա դրված մետաղյա ծանր սկուտեղը և հարվածում Բակուրին: Վնասում է Բակուրի ունկը: Սարսափահար Նազենիկը խնդրում է Տրդատին տանել իրեն այստեղից, քանի որ ինքը կարող է զոհ գնալ նահապետի ոխին: Ասում է, որ առավոտյան կսպասի ասպետին թզենու ծառի տակ: Տրդատն ասում է, որ վաղ արշալույսին կվերցնի իր հետ աղջկան, իսկ ինքը ձի է նստում և հեռանում է:
Առավոտյան թզենու տակ Նազենիկը սպասում է ասպետին և զարմանում, որ սա չի գալիս: Բայց ահա լսվում է ձիու խրխինջը և իր ազատարարին է տեսնում Նազենիկը պատուհանից: Տրդատ ասպետը իր գիրկն է նստեցնում Նազենիկին և ճամփա ընկնում: Բայց հանկարծ հեռվից լսվում է խուլ դղրդյուն: Տրդատը շրջում է երիվարը և տեսնում է զինավառ ձիավորների: Նրանց մեջ է Բակուրը, որը տենչում է վրեժ լուծել Տրդատից: Տրդատը մտրակում է ձին և առաջ սլանում: Բակուրն ու իր զինվորները նետեր են արձակում փախչողների ետևից, բայց Տրդատը կարողանում է անցնել Շիրակի սահմանը: Բակուրը վերջին պահին նետ է արձակում, որը խոցում է Նազենիկի ծոծրակը:
Շիրակի սահմանի վրա կառուցված է ճոխ իջևան, որտեղ կանգ են առնում հոգնած ճամփորդները: Այստեղ ձիուց իջնում է Տրդատը և տեսնում անկենդան աղջկա մազերի մեջ Բակուրի նետը:
Իջևանի կողքին կա բարդի, որը տնկել է անտառի Դիցանույշը: Այդ բարդու տակ թաղում է Տրդատը Նազենիկին: Բարդին վերընձյուղվում է սնվելով հարճի մարմնի ավիշներից՝ բուժելով ասպետի սրտի վերքը: