Արսեն Կոմիտաս Բագրատունի. «Հայկ Դյուցազն »

hayk-dyucaznՊոեմի հիմքը «Հայկի և Բելի» ավանդավեպն է, որը վերցված էՄովսես Խորենացու «Պատմությունից»: Բանաստեղծը նշում է նաև ուրիշ աղբյուրներ՝ Սեբեոսին, Թովմա Արծրունուն, Մովսես Կաղանկատվացուն, Միքայել Ասորուն, Վարդան Բարձրաբերդցուն և Աստվածաշունչը:

Հայ ազգի նախահայր Հաբեթոսյան Հայկը բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, երբ տիտանյան Բելը բռնանում է բոլոր երկրներին, չցանկանալով հնազանդվել նրան, թողնում է Բաբելոնը և գալիս է Այրարատ: Տեղի սակավաթիվ հին բնակիչներն իրենց կամքով հնազանդվում են դյուցազնին: Նավասարդյան տոնի ժամանակ Բելի պատգամն է բերում նրա որդին՝ Բաբը: Նա ներկայացնում է երեք պահանջ՝ հնազանդվել Բելի թագին, կրոնափոխ լինել, Հայկի դուստր Հայկանուշին տալ Բելին կնության: Հայոց նահապետը արհամարհում, խստությամբ մերժում է պատվիրակին և պատրաստվում է պատերազմի:

Աստված ուղարկում է իր հրեշտակին, որը հորդորում է արագացնել վրիժառությունը Բելից: Հայոց հրեշտակը սպառազինություն է բերում Հայկի համար: Մինչ հանգուցալուծումը տեղի են ունենում զանազան դեպքեր և ռազմական բախումներ: Վստամը բարձրացնում է խռովություն՝ իրեն համարելով երկրի բնիկ տեր: Վիրավորվում է Հայկը, գերի է ընկնում Հայկանուշը, սպանվում են Հրանտը և Հայկակը: Վիրավոր Հայկը երկնավոր տաճարում տեսիլ է ունենում, որի մեջ ոչ միայն անցյալն է, այլև ապագան: Ներկայացվում է հայոց ամբողջական պատմությունը, կարևոր դեմքերը (Արա Գեղեցիկը, Երվանդյան Տիգրանը, Արտաշեսը, Արտավազդը, Վռամշապուհը, Սահակը, Մեսրոպը, Վարդանը, Վահանը, Բագրատունիները, Դավիթ Բեկը և Մխիթար Սեբաստացին): Հայկին հովանավորում է Աստված իր հրեշտակներով, իսկ Բելին՝ երկրի ընդերքից Սանդարամետն իր հրեշտակներով: Վերջում աղեղնավոր «հայրն հայոց» նետահարում է Բելին, որի զորքը ցրվում է: Երկիրը նախահոր անունով կոչվում է «Հայք»:   

tarntercum