Ակսել Բակունց. «Մայրը»

aksel-bakunc1Ունանը և Զանին փոքր տուն ունեն և տան մոտ՝ պարտեզ, որի մի մասը բանջարանոց է: Տարին բոլոր Ունանը պարտեզից դուրս ուրիշ տեղ աշխատանքի չի գնում: Աշխատանքն անպակաս է: Նրանց միակ կովը, պոզը կոտրած Նարգիզը, սերվում է նախշուն երինջից: Կովը տեղաց անելուց հետո Զանին թեյ է քցում, իսկ Ունանը փոքր տղայի՝ Ռուշանի հետ խոսում է այն մասին, թե վաղը որ մարգը պիտի ջրվի: Հետո Ունանը և Զանին երկուսով նստում են վարունգի թաղի մոտ, Ունանը չիբուխն է լցնում, իսկ Զանին գուլպայի մատերը խաղին հագցնելով, զրույց են անում: Զարմանալի սեր ու հաշտություն կա նրանց միջև:

Օրերն իրենց խաղաղ ընթացքը փոխում են այն ժամանակ, երբ դարպասի երկաթե կոչնակը ծեծում են, և մի ձեռք մեկնում է ծրարը: Ռուշանը եթե տանն է լինում, վազում և նամակը վերցնում է: Անտոնիցն է՝ ավագ որդուց:

– Անտոնն է գրել… Քոռանամ, էս նրա ձեռքն է,- Ունանը դողալով ծրարը բաց է անում, մինչև Ռուշանը նրա՝ ակնոցները տնից բերի: Կարդում է. «…Իմ աշխատանքին եմ, նույն քաղաքում: Հետևեք Ռուշանը լավ սովորի: Եթե արձակուրդ ստացա, կգամ ձեզ մոտ կարճ ժամանակով…Վաղոն Մոսկվա է, նրան նշանակել են պոլկի կամիսար: Նանի գուլպեքը ստացել եմ. ինչո՞ւ ես չարչարվել…»:

Ոչ միայն այդ երեկո, այլև մյուս օրերը խոսակցությունը նամակի շուրջ է: Զանու խնդրանքով Ունանը նամակը սնդուկից հանում է, կարդում: Այդ երեկո նրանք թեյը սառն են խմում, իսկ Ունանը միշտ շորերը հանելուց է նկատում, որ ակնոցները դեռ քթին են: Իսկ պառավը դեռ միտք է անում… ուրեմն գուլպաները ստացել է… գուլպաները հասել  են Անտոնին…

Մի օր մեկը մոտենում է դարպասին, կոչնակը ծեծում, ասելով, որ աչքալուս է բերել: Մեժլումի հարսը լուր է բերել: — Զանի մորքուր… Անտոնը, ձեր Անտոնը հրեն գալիս է…ֆայտոնում նստած:

Պարտեզի դռնակը բացվեց, երևաց Ունանը: Ծերունին մի վայրկյան զարմացած նայում է: — Անտոնը՛, ա՛յ մարդ:

Կառքը դարպասի մոտ է կանգնում: Ներս է մտնում հաղթանդամ մի տղամարդ: Գրկում է Զանուն:

— Նանի, ո՞նց ես… — մոր դողացող շրթունքների համբույրը չոր տերևի նման հպվում է որդու այտին: — Նանի՛… — Հա, քեզ մատաղ, — իսկ մայրը մեղմ ժպտում է: Անտոնի աչքին հոր տունը փոքրացած ու ցածրիկ է երևում, սանդուղքները՝ բարակ ու մաշված: Հարցնում է, թե երբ են բերելու էլեկտրական լույսը:

Անտոնը մոտենում է իրերին, կապոցներն արձակում: Ռուշանին ուղարկում է ընկեր Սահակի ետևից: Ծերունիները նայում են Անտոնի իրերը.  բարձ, փափուկ վերմակ, մի երկու կտոր շոր, գրքեր, զանազան մանրուք: Զանին միտք է անում, թե Անտոնն ինչ գործի է քաղաքում, որ լավ ու հարուստ զգեստ չունի: Դարպասը նորից է ճռռում: Մի քանի հոգի ներս են մտնում: Անտոնը մոտենում է նրանց, գրկում, ապա ամուր սեղմում դեպի իրեն մեկնած ձեռքերը: — Էս քանի ժամ է, որ երևացել ես մեր երկրի սահմաններում ու չես ներկայացել մեզ, — դարձավ նրան առաջին բարձրացողը՝ ընկեր Սահակը: Շեմքի մոտ նստած Ունանը նայում է մեկ Անտոնին, մեկ Սահակին ու նրա ընկերներին: Նրանք երբեմն ռուսերեն են խոսում, Անտոնն ավելի հաճախ. ու բոլորովին օտարի է նմանվում: Ի՞նչ մարդիկ են նրա ընկերները… Ո՞րտեղից է այդ ընկերությունը… Թե հին ճանաչներ են, ինչո՞ւ մի անգամ Սահակն իրենց տուն հյուր չի եկել: Անտոնը ծոցից թղթի կտոր հանում, կռանում վրան, մատիտով գծում է, սևացնում… պատմում է, իսկ Սահակը գլխով նշան է անում: Ունանի աչքին է ընկնում Անտոնի ճակատի սպին: Հիմա տեսնես ի՞նչ գործի է… Իսկ Անտոնն ընկերներին պատմում է մեծ ճանապարհի մասին, որի կառուցման խնդիրը դրական լուծում է ստացել: Խոսում է քարհանքների մասին, գավառի խիտ և անանցանելի անտառների օգտագործման մասին: Զանին մի անգամ ասում է.

— Անտոն, սմավարը սառչում է՛…փետով եմ քցել, — բայց նրանք չեն լսում: Ունանն էլ պառավին հանդիմանում է.

— Մի երկու կտոր տաշեղ քցի…Տեսնում ես պլան են քաշում… Խոսում են:

— Ռուշան, Անտոնը որ քեզ հետը տանի, կգնա՛ս, — հարցնում է Սահակը:

— Կգնա՛մ, — կտրուկ պատասխանում է Ռուշանը և չի նկատում, որ սամավարի հետևից իրեն հառած մոր աչքերը զարմանքից լայնանում են:

Հետո Սահակը և հյորերը գնում են: Պառկում են քնելու: Ունանն էլ է պառկում: Միտք է անում ծերունին, թե այս ի՞նչ մարդիկ են… Աչքը դարձյալ ընկնում է Անտոնին, որը անխռով քնել է: Ճրագը ձեռքին մայրը մոտենում է, որ Ռուշանի վերմակը շտկի, ամեն օրվա պես: Ռուշանը քնաթաթախ աչքերը բացում է.

— Հիմա հո չեմ գընո՛ւմ…որ մեծանամ, էն ժամանա՛կ…

Մայրը կռանում է, ճակատը համբուրում ու ականջին շշնջում.

— Բա ես՞, բալիկ…

— Դու ապորը մոտ մնա — և տղայի աչքերը փակվում են:

Մայրը մի պահ նայում է նրան: Ճրագը ձեռքում դողում է: Երեխան քնի մեջ ժպտում է: Եվ անլուծելի առեղծված  է դառնում այդ ժպիտը մոր համար:

tarntercum